Երևանում կրկին կրակոցներ են հնչել. երկու երիտասարդի հիվանդանոց են տեղափոխել

«Աստղիկ» ԲԿ
Դեպքը տեղի է ունեցել Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում։ Անհայտ անձինք փորձել են հեռացնել հետքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Մալաթիայի բաժինը երեկ` ժամը 23։55-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ` «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգել են, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի` «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։
Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ են` 25-ամյա Համլետ Սարգսյանը, որը եղել է դանակահարված, և 26-ամյա Վռամ Պողոսյանը (հրազենային վնասվածքով)։
Պարզվել է նաև, որ նրանք վնասվածքները ստացել են Բաբաջանյան փողոցի 115 շենքի բակային հատվածում, որտեղ էլ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և արնանման հետքեր։
Մինչ ոստիկանների և քննիչների` դեպքի վայր մեկնելը անհայտ անձինք փորձել են հեռացնել հետքերը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունները հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք՝ հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ։