ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Խիմկիի» դիտորդական խորհրդի անդամ Ռոման Տերյուշկովը Metaratings.ru-ին հաստատել է տեղեկությունը, որ Դավիթ Դավիդյանը ամռանը կլքի ռուսական ակումբը, իսկ Արշակ Կորյանը «Օրենբուրգից» չի վերադառնա։
«Դավիդյանը մաքուր սպորտային սկզբունքով չի խաղում, նա ֆունկցիոնալ առումով պատրաստ չէ։ Դավիթը վատ խաղացող չէ, բայց մարզիչը նրա դիրքում այլ ֆուտբոլիստների է տեսնում։ Մենք նայում ենք ու մտածում, որ հավանաբար Արշակն էլ վարձակալությունից չի վերադառնա, չնայած նա երկար է խաղացել մեզ մոտ։ Մենք սպասում ենք Սերգել Յուրանի (գլխավոր մարզիչ. խմբ) վերջնական որոշմանը, եթե հարկ լինի, բոլորին կվերադարձնենք վարձակալությունից ու կպայմանավորվենք։ Ամեն ինչ Յուրանից է կախված»,-ասել է Տերյուշկովը։
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը 2021 թվականի օգոստոսին մեկ տարվա վարձակալության պայմանագիր էր կնքել ռուսական «Օրենբուրգի» հետ։
Դավիթ Դավիդյանը Հայաստանում հանդես է եկել «Արարատի», «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» կազմում։