ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը և ձեռնածություն անել՝ ցրելով Ուկրաինայի կենսալաբորատորիաների թեման։ Այս տեսակետը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ամերիկացիները հիմա փորձում են խոսակցությունը անլուրջ հարթություն տեղափոխել։ Բայց փաստերն ինքնին խոսուն են։ Եվ այդ փաստերը ոչ միայն մեր մտահոգության առարկան են, այլև շատ այլ երկրների։ Ես վստահ եմ՝ թե՛ Բելառուսի, թե՛ Չինաստանի, թե՛ Հնդկաստանի»,- ասել է նա «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այլ երկրների տարածքներում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ տվյալների մշակումը շարունակվում է:
«Մշակվում են բոլոր, այդ թվում՝ հատուկ գործողության ընթացում ստացված տվյալները, և մենք հույս ունենք, որ ճշմարտությունը չափավորված կարգով կհրապարակվի, և մենք ավելի ու ավելի շատ բան կիմանանք, Վաշինգտոնում ավելի ու ավելի լավ կհասկանան, որ մեզ փաստացի բոլոր մանրամասներով հայտնի են այդ ծրագրերը, որոնք իսկապես սպառնում են ամբողջ աշխարհին»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը մարտի 31-ին հայտարարել էր, որ Կիևում հինգ լաբորատորիաներ աշխատանքներ են տարել սիբիրյան խոցի, տուլարեմիայի, բրուցելոզի, խոլերայի, լեպտոսպիրոզի, խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչների հետ։ Նրա խոսքով՝ արդեն հաստատված փաստեր կան, որ այս լաբորատորիաներն աշխատանքները կատարել են Պենտագոնի պատվերով։