ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ լողացող ականների հայտնաբերումից հետո Սև ծովում նավագնացության սպառնալիքը վերացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան պատրաստ է նավեր տրամադրել Մարիուպոլից քաղաքացիական անձանց և վիրավորներին ծովով տարհանելու համար:
Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ հարցում իր գործողությունները համակարգում է Ռուսաստանի և Ուկրաինայի կառույցների հետ։
Հիշեցնենք` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան:
Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին նախազգուշացում էին ուղարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության կապակցությամբ: Դրանից հետո թուրքական կողմն առնվազն երկու անգամ ական է հայտնաբերել։