ՌԱԴԻՈ

Այսօրվանից կարող ենք կրկնակի մեծացնել ալկոհոլային խմիչքների արտահանումը ՌԴ. Հարությունյան

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կարող են արդյոք ռուսները եվրոպական գինիները փոխարինել տեղականով և հայկականով։
Sputnik
Ռուբլու փոխարժեքի հստակեցման և լոգիստիկ բնույթի որոշ հարցերի լուծման դեպքում Հայաստանն այսօրվանից կարող է կրկնակի մեծացնել ալկոհոլային խմիչքների արտահանումը ՌԴ շուկա, իսկ հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին ծավալները դարձնել եռակի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
«Ռուսական ալկոհոլի շուկան ունի 45 տոկոսի դեֆիցիտ, որի 70 տոկոսը պայմանավորված է լոգիստիկ խնդիրներով, իսկ 30 տոկոսը` ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցներով։ ՀՀ–ն ստեղծված իրավիճակում կարող է ալկոհոլային խմիչքներ մատակարարել։ Այսօր ռուսական շուկա է արտահանվում մոտ 6 միլիոն շիշ խաղողի գինի, հետագա խմբաքանակների առաքման հետ կապված անորոշություն կա, պակաս կարևոր չէ նաև ռուբլու փոխարժեքը»,– ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահը։
Հարությունյանը համոզված է, որ մրգային գինիների չափաքանակների արտահանումը մոտ ապագայում հնարավոր կլինի նույնիսկ հնգապատկել։
Ըստ նրա` Ռուսաստանն ուղղակի միակողմանիորեն փոխեց խաղի կանոնները, ալկոհոլային խմիչքների մասով դուրս եկավ ԵԱՏՄ կարգավորման շրջանակներից և հիմա առաջնորդվում է ներքին օրենսդրությամբ։
«Մենք կարող ենք ռուսական շուկայում այս տարի ունենալ առավելագույնը 15-18 միլիոն շիշ խաղողի գինի և կրկնակի անգամ շատ կոնյակ, իսկ երեք տարի հետո կարող ենք հնգապատկել մեր պաշարները։ Բայց եթե ամեն ինչ վերադառնա ելման կետ, ապա կունենանք մեծ կոլապս, որովհետև արտադրելով այդքան քանակի ալկոհոլային խմիչքներ ու զբաղեցնելով այդքան ռեսուրսներ` պարզապես չենք կարողանա իրացնել ու կհայտնվենք ճգնաժամի մեջ, կլինի շուկայի լճացում»,– ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահը։
Հարությունյանի դիտարկմամբ` գինու և կոնյակի խմբաքանակների կրկնակի կամ եռակի մեծացումը պայմանավորվածությունների հետ կապ չունի, բայց հետագա մեծացումը, անշուշտ, պետք է լինի երկուստեք հստակ պայմանավորվածությունների շրջանակում։
Նշենք, որ Fort գինեգործական ընկերության ներմուծման գծով տնօրեն Դարյա Սոլոգուբը հայտարարել է, որ մատակարարումների սահմանափակումների և ուշացման պայմաններում ռուսաստանցիները իտալական, իսպանական կամ ֆրանսիական գինիները կարող են փոխարինել հայրենական, ինչպես նաև Հայաստանի, Հունաստանի, Չիլիի, Արգենտինայի, Թուրքիայի և Սերբիայի գինիներով։