Վլադիմիր Գասպարյանը լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»

Վլադիմիր Գասպարյան. Արխիվային լուսանկար
Թերթի տեղեկություններով `ՀՀ նախկին ոստիկանապետն այժմ գտնվում է Մոսկվայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռացել է Հայաստանից, մինչդեռ նախաքննական մարմնում երկրից չբացակայելու ստորագրություն էր տվել։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։
Գլխավոր դատախազությունից թերթին հայտնել են, որ Գասպարյանին վերաբերող գործով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել` բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար նրա նկատմամբ ելքի սահմանափակումը ժամանակավորապես հանելու վերաբերյալ: Մեղադրող դատախազը առարկություն է հայտնել, բայց դատարանը բավարարել է միջնորդությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի հունվարի 13-ին ավարտվել է Գասպարյանի վերաբերյալ կոռուպցիոն հանցագործության քրեական գործի քննությունը, այն ուղարկվել հսկող դատախազին՝ դատարան ներկայացնելու համար։ Իսկ հունվարի 18-ին դատախազությունը գործը հետ էր ուղարկել` լրացուցիչ քննության:
Ըստ մեղադրանքի`նախկին ոստիկանապետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։
«Ժողովուրդը» գրում է, որ Վլադիմիր Գասպարյանն այժմ գտնվում է Մոսկվայում:
Վովա Գասպարյանի Սևանի առանձնատանը կրկին ապամոնտաժման աշխատանքներ են արվելո՞ւ. «Ժողովուրդ»