ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը փորձել է Բաքվում բողոքի ակցիա իրականացնել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Գուլիևի խոսքով` նա դեռևս չի կարողացել հաշմանդամության թոշակ և վետերանի կոչում ստանալ, իսկ զբաղվածության ծառայությունը նրան առաջարկել է սանիտարական մաքրման աշխատանքներ կատարել, որի դիմաց նա 160 մանաթ աշխատավարձ կստանա։
Ակցիան իրականացնելու փորձի ժամանակ ադրբեջանական ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, սակայն հետո ազատ է արձակել։
Հիշեցնենք` Արցախի դատարանն Ասկերովին ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։
Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:
Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը 2020 թվականի դեկտեմբերի 14-ին` Արցախյան 44–օրյա պատերազմից հետո, վերադարձվել են Ադրբեջան։ Նրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ նույն օրը մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։