ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Միջազգային գործերով Իրանի ԿԲ փոխնախագահ Մոհսեն Քարիմին այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները ՌԴ–ին միջոցներ են առաջարկել ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու և ներկայիս պայմաններում համագործակցելու համար։
«Իրանը հիմնվելով վերջին տարիներին պատժամիջոցների տակ գտնվելու իր հարուստ փորձի վրա, ԱՄՆ–ի և թշնամական երկրների գերիշխանության ազդեցությունից ձերբազատվելու համար անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել, որոնք էլ առաջարկել է ռուսական կողմին», – ասել է Քարիմին։
Իրանի ղեկավարությունը արևմտյան ու հատկապես ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու քառասնամյա փորձ ունի։ Այդ ընթացքում Թեհրանը տնտեսության բոլոր ոլորտներում իր կողմնորոշումը փոխել է դեպի սեփական ապրանքների արտադրություն։ Միևնույն ժամանակ արտաքին առևտրային գործողությունները ևս բարձր մակարդակի վրա է պահում։ Արևմտյան պատժամիջոցներն ու եվրոպական երկրների հետ առևտուր անելու հնարավորության բացակայությունը հաշվի առնելով` Իրանն ամբողջությամբ շրջվել է ասիական տարածաշրջանի, մասնավորապես` Չինաստանի կողմ։
Ավելի վաղ Արևմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ին զսպելու ու թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ամբողջ տնտեսությանը։