ՔՊ–ի կողմից օրենքի փոփոխությունն, ըստ էության, ընդամենը մեկ քաղաքում` Վանաձորում իշխանությունը յուրացնելու մասին է Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ակնհայտ է, որ նախագիծն ընդունվում է այն նպատակով, որպեսզի Վանաձորում նշանակեն յուրային համայնքապետի ԺՊ, քանզի օրենսդրական կարգավորումներով ավագանու ձևավորված լինելու պարագայում նման բան անել չէին կարող, իսկ հիմա յուրային ԺՊ–ի միջոցով ձգտում են միջավայր ստեղծել հավանաբար նոր արտահերթ ընտրություններով իրենց ուզած արդյունքը ստանալու համար»,– ասաց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` վերոհիշյալ նախագիծը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ է այնքանով, որքանով Վանաձորում հնարավոր է ընդդիմության հաղթանակը նրա դեմքով։
Քաղաքագետի պնդմամբ` սա օրենք է այն մասին, որ ՏԻՄ–երը պետք է չնչին բացառություններով գտնվեն իշխանության տոտալ վերահսկողության ներքո։
«Քաղաքական ճգնաժամերն, առհասարակ, հնարավոր չէ կառավարել ավտորիտար մեթոդներով, կարող են ընդամենը քողարկել։ Չեմ գտնում, որ նպատակն առկա ճգնաժամի հաղթահարումն է, այլ ՏԻՄ–երից մեկի զավթումն է, որից հետո կստեղծվի նախադեպ, որ այլ դեպքերում նույնպես կիրառվի օրենսդրական տվյալ նորարարությունը»,– ասաց քաղաքագետը։
Սուրենյանցի պնդմամբ` կենտրոնական իշխանությունը ստեղծում է տեղական մարմինների գործունեության վրա ավտորիտար միջամտության ևս մեկ գործիք։ Ըստ նրա` առաջացել է աբսուրդային իրավիճակ. կայացել են ընտրություններ, ավագանու անդամներին տրվել են մանդատներ, բայց դրանից հետո իշխանություններին ենթակա կուսակցություններից մեկի միջոցով ստեղծել են իրավիճակ, որ ավագանու նիստեր չկայանան, այսինքն` հասարակական կամարտահայտության ֆոնին, ըստ նրա, տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմնի ուզուրպացիա։
Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր գումարել։ Օրակարգում մեկ հարց էր` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՔՊ–ի հեղինակած նախագիծը։
Նախագծի համահեղինակ, ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը նախագծի հրատապությունը մեկնաբանեց ՀՀ որոշ համայնքներում, մասնավորապես Վանաձորում ստեղծված վիճակով։
ՔՊ–ն առաջարկում էր օրենքում փոփոխություն կատարել` սահմանելով, որ միավորված համայնքի ավագանու առաջին նիստը պետք է անցկացվի ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, և ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
ԱԺ–ի արտահերթ նիստում այսօր նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց։
Նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ` 3 պատգամավոր։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութունը նիստին ու քվեարկությանը չմասնակցեց։