ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների անհրաժեշտություն կա. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան. Արխիվային լուսանկար
Առաջիկա օրերին կպարզվեն ՌԴ–ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան–Իվ Լե Դրիանը Տալլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Կարծում ենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պետք կիրառել։ Դա որոշվել է Վերսալի գագաթնաժողովի, ինչպես նաև ԵՄ երկրների վերջին հանդիպման ժամանակ... Դրանց բովանդակությունը պարզ կլինի առաջիկա օրերին», – ասել է Լե Դրիանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։