ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱԺ–ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում մեկ հարց է` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին` ՔՊ–ի հեղինակած նախագիծը։ Ընդ որում` նախագծի երկու ընթացումներն էլ նախատեսվում է իրականացնել մեկ նիստում` 24 ժամվա ընթացքում։
Նախագծի համահեղինակ ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը նախագծի հրատապությունը մեկնաբանեց ՀՀ որոշ համայնքներում ստեղծված վիճակով։
«Ունենք ստեղծված իրավիճակ, որ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքում որոշ համայնքներում բնականոն կառավարումը խաթարված է, և այս օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ այդ համայնքներում քաղաքացիների սպասարկումը վերականգնվի»,– ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ճշտեց, թե կոնկրետ որ համայնքում է նման անհետաձգելի իրավիճակ ստեղծվել։
«Այս պահին նման խնդիր մենք ունենք Վանաձորում»,– ասաց Հովակիմյանը` հավելելով, որ խնդիրն առկա է արդեն 2 ամիս, ու այդ խնդիրը իրավական այլ լուծում առկա օրենսդրությամբ չունի։
ՔՊ–ն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել` սահմանելով, որ միավորված համայնքի ավագանու առաջին նիստը պետք է անցկացվի ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, և ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Հիշեցնենք` Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը պարբերաբար մերժում է ավագանու անդամների` նիստ հրավիրելու նախաձեռնությունները` վկայակոչելով ՏԻՄ մասին օրենքը։
2021թ–ի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում կայացած ընտրություններում ավագանու մանդատ էին ստացել 5 խմբակցության 33 անդամ։ Բայց ավագանուն առ այսօր չի հաջողվում համայնքի ղեկավար ընտրել։ Վարչական դատարանն արգելանք է սահմանել, որով ավագանին դեռ իրավունք չունի համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել։
Բանն այն է, որ դեռ անցած տարեվերջին Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած և ավագանի չանցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Բողոքը 3 ամիս առաջ հասել է Վճռաբեկ դատարան, բայց դեռ վարույթ չի ընդունվել։
Իսկ ընտրություններում ամենաշատ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պաշտոնեական կեղծիքի և լիազորությունների չարաշահման մեղադրանքով արդեն 3 ամիս կալանքի տակ է։