Պուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունները, հաղորդում է Բելտան:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պետությունների ղեկավարները շնորհավորել են միմյանց գալիք տոնի՝ Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միասնության օրվա առթիվ», - հաղորդում է գործակալությունը:
Նշվում է, որ զրույցի առանձին թեմա է դարձել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ համագործակցության հրատապ հարցերին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։