Փաշինյանն ու Ռաուն կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ շրջանակում

Զբիգնև Ռաուն վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին։ Հանդիպման ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը (1 ապրիլի, 2022)․ Երևան
«Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Հայաստան։ Այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: Մինչ այս մարտի 30-ին նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։
Արարատ Միրզոյանն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցը կշարունակի մնալ ԵԱՀԿ օրակարգում