Փաշինյան–Ալիև հանդիպումից առաջ ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի

Իշխան Սաղաթելյան
Ընդդիմադիրների խոսքով` այս իշխանությանը ոչ ոք չի լիազորել հրաժարվել Արցախից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին` ժամը 18։30–ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն։ Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վտանգված է հայրենիքը, Արցախը, արցախահայությունը։ Թշնամին վերջնականապես կործանում է Արցախը, Հայաստանի իշխանությունն ընդունում է ադրբեջանական պահանջը։ Իշխանական զիջումները բերելու են նոր պատերազմի, Արցախի Հանրապետության վերացմանը, մեր երկրի անվտանգության խաթարմանը: Ասա քո «ոչ»–ը` հանուն Արցախի, հանուն հայրենիքի»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ այս իշխանությանը ոչ ոք չի լիազորել հրաժարվել Արցախից, մեր երեսնամյա պայքարից, հաղթանակներից ու պետականությունից: Ուստի պետք է միասնական ոչ ասենք Արցախը զիջելուն, Արցախի հայաթափմանը և միասին տեր լինենք Արցախին։
Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր մեր դիրքորոշումից ու հակադարձող ուժից է կախված Արցախի լինելիությունը։ Անհրաժեշտ է կողք կողքի կանգնել ապրիլի 5-ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։