ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կոռուպցիայի համար 2021 թ. քրեական հետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ, քան 2020-ին. նրանց թվում նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` ամփոփելով կոռուպցիոն բնույթի քրգործերը։
2021թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1698 անձ: 2020թ. ընթացքում 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ:
Քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Նրանց թվում են` ՀՀ պաշտոնաթող նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 4 նախարար, 3 դատավոր, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, 2 մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ, ինչպես նաև ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնող 51 աշխատակից:
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև առողջապահության ոլորտի 62 ներկայացուցիչ, կրթության ոլորտի 70 ներկայացուցիչ, սոցիալական ապահովության ոլորտի 40 ներկայացուցիչ, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 5 ներկայացուցիչ և տեղական ինքնակառավարման ոլորտի 172 ներկայացուցիչ։
Բացի այդ, քրեական հետապնդման են ենթարկվել զինված ուժերի 107 ներկայացուցիչ, այդ թվում՝ ՊՆ գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ և ուրիշներ։
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև ՀՀ նախկին դեսպաններից մեկը, «Հայաստան Համահայկական Հիմնադրամ» ՀԿ գործադիր տնօրենը, մշակույթի տան տնօրենը, մետրոպոլիտենի նախկին տնօրենը, Երևանի քաղաքապետի նախկին օգնականը, թատրոններից մեկի տնօրենը, բանկի մասնաճյուղի կառավարիչը, անտառտնտեսության 2 տնօրենները, պատկերասրահի տնօրենը և այլն:
Դատախազությունը հայտնում է, որ կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը բացարձակ առաջնահերթություն է նաև 2022թ.-ին: