ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում էլ շատ մոտ է հաղթանակին։ Հայ ըմբիշը եզրափակիչում է։
Չնայած նրան, որ Մալխաս Ամոյանը այս առաջնությունում փոխել է իր քաշային կարգը, 72 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնը վստահ է անցկացնում մրցաշարը 77 կգ քաշային կարգում։ Որակավորման փուլում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության հասավ Լիտվան ներկայացնող Մանտաս Սինկյեվիչուսի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում Ամոյանի առավելությունը սլովակ Դենիս Հորվատի հետ գոտեմարտում արտահայտվեց 3։1 հաշվով։
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշին դժվարին ու սկզբունքային մրցակից էր սպասում։ Ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի գոտեմարտում Մալխասը միայն գոտեմարտի վերջում ապահովեց հաղթանակը 6։5 հաշվով։ Իսկ կիսաեզրափակիչում շվեդ Պեռ Օլոֆսոնը ոչինչ չկարողացավ անել Ամոյանի գրոհների դեմ։ Մալխասը հաղթեց 9։0 հաշվով ու եզրափակիչում ապրիլի 2-ին մրցելու է թուրք Յունուս Բասարի հետ։
55 կգ քաշային կարգում մրցաշարը հաղթանակով սկսեց Ռուդիկ Մկրտչյանը։ Քառորդ եզրափակիչում Ռուդիկը 6։5 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կոյրուն Սահրադյանի նկատմամբ։ Բայց կիսաեզրափակիչում Մկրտչյանը 3։7 հաշվով պարտվեց ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին ու վաղը ռումինացի Դենիս Միհայի դեմ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հրաչյա Պողոսյանը 63կգ քաշային կարգում նույնպես սկսեց հաղթանակով՝ առավելության հասնելով լիտվացի Ալեկսանդրս Յուրկյանսի նկատմամբ, բայց քառորդ եզրափակիչում 1։3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին։ Բրոնզե մեդալի համար Հրաչյան վաղը գոտեմարտելու է թուրք Ահմեդ Ույարի հետ։
Գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը երկու գոտեմարտ անցկացրեց։ Լեհ Ռաֆա Կրաևսկիին հաղթելուց հետո հայ ըմբիշը պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Բեկա Կանդելակիին։
Ապրիլի 2-ին պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 82կգ քաշային Կարապետ Չալյանը։