ԼՂ հակամարտության վերջնական լուծման համար կողմերին մեծ կամք է պետք. ԵԱՀԿ գործող նախագահ

Ռաուն նշել է, որ ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է ջանքեր ներդնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը: Խաչատուրյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ է հայտնել այս մասին, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս համատեքստում նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և ընդգծել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:
ԵԱՀԿ գործող նախագահը ևս կարևորել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։ Նա նշել է, որ հակամարտության վերջնական լուծման համար առաջին հերթին հակամարտող կողմերը պետք է մեծ կամք և քաղաքական պատրաստակամություն ցուցաբերեն:
Ռաուի խոսքով` ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու այս տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Հայաստան։ Այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: Մինչ այս մարտի 30-ին նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։ Ռաուին արդեն իսկ ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։