«Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը կարող է դառնալ բանակցային գործընթացների հիմք, բայց պետք է հասկանալ, որ գոյություն ունի միջազգային կառույցներում առկա իրականություն, որը ոչ մի աղերս չունի քաղաքական նպատակահարմարությունների իրականության հետ, որում այդ բանաձևն այդքան էլ մեծ դեր չի ունենալու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը։
«Տվյալ բանաձևը կապված է տարբեր երկրների շահերի հետ, հետևաբար չունի թիրախային որևէ կոնկրետ նշակետ։ Այն պարզապես վերաբերում է առանձին միջոցառումների անցկացման նպատակահարմարությանը, օրինակ` սոցիալական հարթակներում ատելության խոսույթի տարածումը կանխարգելելուն»,– ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք վերոհիշյալ բանաձևը պրոյեկտվել Արցախում տիրող իրավիճակի վրա, և արցախահայության ֆիզիկական ոչնչացումը կանխարգելելու հարցում արդյո՞ք ՄԱԿ–ը կլինի նույնքան հետևողական, Դունամալյանն ընդգծեց, որ հիշյալ բանաձևում ցեղասպանության կանխարգելման հիմքն ավելի շատ տեսական է, թեև եթե խոսենք հայ–ադրբեջանական հակամարտության` որպես էթնոքաղաքական կոնֆլիկտի մասին, ապա հայկական կողմն, ըստ քաղաքագետի, ունի բավականին շատ հիմքեր` ներկայացնելու կոնկրետ փաստեր այն մասին, որ ադրբեջանցիներն իսկապես սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ֆիզիկական գոյությանը։
«Ցեղասպանության ճանաչման խնդիրը մեզանում վերջին տարիներին ներկայացվել է որպես իներցիոն գործընթաց, նշվել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց թե ինչ քաքաքական նպատակներ ենք հետապնդում կամ ինչ բովանդակության կա ճանաչման մեջ և ինչ է լինելու հետո, այդ մասին հասարակությանը հստակ չի ասվել»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի դիտարկմամբ` Թուրքիան և Ադրբեջանը, որոնք իրականացրել են ցեղասպանություն և այսօր էլ շարունակում են դրսևորել հայատյաց քաղաքականություն, իրենց հերթին մեղադրում են ուրիշներին ցեղասպանություն իրականացնելու մեջ, այսինքն` նրանց քաղաքականությունը հիմնված է կեղծիքի վրա, բայց ռազմավարական բովանդակության հաշվին նրանց բերում է հաջողություն, հետևաբար Հայաստանը նույնպես պետք է որդեգրի հստակ ռազմավարական մոտեցումներ` միջազգային ատյաններում ի ցույց դնելով հակառակորդների կողմից Արցախում էթնիկ զտումների, արցախահայության դեմ ուղղված խտրականության ու բռնությունների փաստերը։
Նշենք, որ ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում մարտի 31-ին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ–ի անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ:
Այս տարի բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը: