ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ խորհրդի նիստում փակ քննարկում ունենալու առաջարկին։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ավելի վաղ արած հայտարարությունը։
Բանն այն է, որ մինչ այդ ընդդիմությունը դեռ օրեր առաջ դիմել է ԱԳՆ` անվտանգությանը վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու համար, բայց հստակ պատասխան չի ստացել։
«Արարատ Միրզոյանն իր խոսքը չի կատարում ու չի ընդունել, որ մենք ծանոթանանք այդ փաստաթղթերին։ Ծանոթանանք, որից հետո մենք կառաջարկենք, թե ինչ ձևաչափով ՀՀ վարչապետը գա ԱԺ ու ներկայացնի իրավիճակը»,– ասաց Օհանյանը։
Ընդ որում, ըստ Օհանյանի, խոսքը ոչ թե ԱԺ խորհրդի կազմի, այլ ԱԺ բոլոր 107 պատգամավորների հետ վարչապետի հանդիպման մասին է։
Բացի այդ երեկ արդեն վարչապետի ելույթից հետո Օհանյանը նոր առաջարկ է արել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին` Փաշինյանի ներկայացրած ծանր իրավիճակը ԱԺ խորհրդի նիստում քննարկելու վերաբերյալ։ Ռուբինյանն էլ առաջարկել է հրավիրել վարչապետին, ինչին իրենք դեմ են եղել։
«Երեկ, լսելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, մտահոգությունները, նաև այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել Արցախի ու Հայաստանի սահմանների նկատմամբ մարտական գործողությունների, Ադրբեջանի կողմից սադրանքի, կարելի էր ենթադրել, որ մենք գտնվում ենք պատերազմից 5 պակաս վիճակում։ Ես ինքս նախաձեռնեցի ԱԺ խորհրդի նիստում քննարկել ստեղծված վիճակն ու որոշել` որն է խորհրդարանի դերը` այս իրավիճակում խորհրդարանական վերահսկողությոսւն իրականացնելու»,– ասաց Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը շարունակում է պնդել, որ ընդդիմությանը իրավունք տրվի ծանոթանալ Արցախի ու ՀՀ անվտանգությանը վերաբերող բոլոր կարևոր փաստաթղթերին։
«1 տարի 3 ամիս է անցել 2020թ–ի պատերազմից, որևէ գերատեսչությունում չի ստեղծվել հանձնաժողով` քննելու պատերազմի պատճառներն ու հետևանքները, չի ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով քննելու իրավիճակն ու ուղղություն տալու, թե որոնք են մեր անվտանգության համակարգի հայեցակարգային մոտեցումները։ Մեր երկիրը հայ–թուրքական հարաբերություններում ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը։ Ցույց տվեք որևէ մեկի կողմից ընդունված որոշում, որ ինքը նշանակվել է բանագնաց։ Այսինքն` այս երկիրը բանավոր կերպով ձեռի հետ ոտի վրա են ղեկավարում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ նիստում հայտարարել էր, որ ինքն ընդդիմությանն առաջարկել է կազմակերպել փակ աշխատանքային քննարկում` վարչապետի մասնակցությամբ և մերժում ստացել։
Դրանից հետո, իր խոսքով, նա նաև երկրորդ առաջարկն է արել` կազմակերպել վարչապետի հետ քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով, որում ներկայացված են նաև ընդդիմադիր պատգամավորներ։ Ըստ Ռուբինյանի ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան ընդդիմադիրներից չեն ստացել։