ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանք չկա։ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։
Բացի այդ, ՄԻ պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարություններին։
Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին։ Նա հիշեցրել է վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները։
Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում։ Այն պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Հայաստան։ Այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: Մինչ այս, մարտի 30-ին, նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։ Ռաուին արդեն իսկ ընդունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը։