Կաթի գինը մարտ ամսին բարձրացել է։ Թանկացման նոր ալիք չի սպասվում, բայց պաղպաղակը թանկանալու է` պայմանավորված կաթի փոշու, կարագի ու բուսական յուղի թանկացմամբ։ Տվյալները Sputnik Արմենիայի եթերում հայտնեց կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը։
Պողոսյանը նշեց, որ կաթի գնի թանկացումը մի քանի պատճառով է եղել․ նախ տարաների հետ կապված խնդիր կա, որոնք գալիս էին Ռուսաստանից, իսկ հիմա կասկածելի է՝ որտեղից պետք է ճարվեն։ Մյուս կողմից էլ, մթերվող կաթի գինն ընդհանրապես անցյալ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով բարձրացել է։
Խնդիր է նաև կաթի փոշու ներկրումը։ Պողոսյանը հայտնեց, որ չոր կաթը հիմնականում գալիս էր Ուկրաինայից և Բելառուսից, իսկ հիմա հնարավոր է` գա Իրանից, սակայն այդ դեպքում էլ կիրառվում են մաքսատուրք և այլ ծախսեր, քանի որ Իրանը ԵԱՏՄ կազմում չէ։
Եվրոպայի շուկան էլ ընդհանրապես չի դիտարկվում։ Պողոսյանի տվյալներով` Եվրոպայից Հայաստան կաթի փոշի գրեթե չի ներկրվում, եթե ներկրվի էլ, ապա շատ չնչին քանակությամբ, որովհետև եվրոպականի գինը թանկ է։
«Պաղպաղակի գինը թանկանալու է, քանի որ կարագն է թանկացել, բուսական յուղն է թանկացել, տպագրություններն են փոխվել, որովհետև տպագրական նյութերը բերում էին Ռուսաստանից, դա էլ իր հերթին է ազդելու։ Հնարավոր է՝ պաղպաղակի գնի վրա շարժ լինի, դրա գնային հարցը դեռ որոշված չէ, թե ինչքան կբարձրանա»,-մանրամասնեց Պողոսյանը։
Նա նշեց, որ ժամանակն է տեղական կաթին անցնելու. դրա քանակը պետք է ավելանա, չնայած այս կետում էլ խնդիրները քիչ չեն։ Պողոսյանի խոսքով՝ քանի որ այս տարի որոշ շրջաններում դեռ ձյան շերտեր կան, արոտի դուրս գալը կուշանա, հետևաբար կուշանա նաև տեղական կաթին անցումը։
Ամփոփելով, Պողոսյանը նաև բողոքեց Վիճակագրական վարչության տվյալներից՝ ասելով, որ այդտեղ այնպիսի թվեր են նշված, որ թվում է, թե կաթ արտադրողները ոչ թե պիտի խեղճանան, այլ դեռ մի բան էլ կաթ արտահանեն, ուղղակի խնդիրն այն է, որ այդ տվյալներն իրականության հետ կապ չունեն՝ Հայաստանում կաթի խնդիր կա։
Հիշեցնենք, որ վերջին օրերին երևանյան փոքրիկ խանութներում կաթի դեֆիցիտ էր նկատվել։ Խանութների աշխատակիցները հայտնում էին` հատկապես 1 լիտրանոց տուփերով կաթ չունեն։ Պատճառը հիմնականում այն էր, որ Ռուսաստանից ապրանք ներկրող բեռնատարները «Վերին Լարս» անցակետում խցանման մեջ էին։