Գազի գինը Հայաստանում այսօրվանից թանկացավ, և սա ապրիլմեկյան կատակ չէ

Գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։ Այս տարի, սակայն, եղանակը ևս սպառողների կողմից չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանում այսօրվանից գազի գինը թանկացավ։ Եվ սա ապրիլմեկյան կատակ չէ, այլ իրականություն` հաստատված ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։
Գազի սակագնի բարձրացման մասին 1 ամիս առաջ` մարտի 1-ին կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից` ապրիլի 1-ից։
Ըստ հաստատված սակագների` ՀՀ շարքային սպառողների համար գազի գինն այսօրվանից կբարձրանա 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չի փոխվի` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք կշարունակեն վճարել 1խմ–ի դիմաց` 100 դրամ սակագնով։
Որոշ արտոնություններից կօգտվեն նաև գյուղոլորտի տնտեսվարողները, մասնավորապես` ջերմոցային տնտեսությունները։ Նրանց համար սահմանվել են սեզոնային զեղչեր. ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, նրանք 1000 խմ–ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1խմ–ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ–ի դիմաց 143.7 դրամ։
Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների համար գազի սակագինն ամբողջ տարին կլինի անփոփոխ` 1000 խմ–ի համար 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 114 դրամ)։
Հայաստանյան այլ տնտեսությունները, այդ թվում` ՋԷԿ–երը ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն բնակչության համար սահմանված սակագնով` 143.7 դրամ, իսկ 10 000 խորանարդ մետրից ավելի սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 130 դրամ):
Նշենք, որ գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։ Այս տարի, սակայն, եղանակը ևս սպառողների կողմից չէ։
Ինչ կստանա ՀՀ–ն ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու դեպքում. Արամյանի մեկնաբանությունը