ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ:
«Նոր տարվա հետ կապվում են նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Թո՛ղ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, և թող ասորական հնագույն մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը»,– ասված է վարչապետի ուղերձում։
Նա նաև մաղթել է, որ սիրո ու պտղաբերության գարնանային տոնն ուղեկից լինի գալիք ողջ տարվա ընթացքում և հեռու մնան բոլոր փորձությունները:
Նշենք, որ ասորական համայնքը Հայաստանում թվով երրորդն է։ 2001թ–ի մարդահամարի տվյալներով` այսօր ՀՀ–ում բնակվում են 7000 ասորիներ։ Որպես մեծ թվակազմ ունեցող ազգային փոքրամասնություն, ասորական համայնքը ՀՀ ԱԺ—ում ներկայացված է ասորի պատգամավորով։