ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին։ Նա այդ մասին ասաց հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
«Գործընկերոջս մանրամասներ ներկայացրի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ, քննարկեցինք Հայաստան–Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրները։ Երկխոսության ժամանակ անդրադարձել ենք նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի լայն շրջանակին, ԵԱՀԿ–ում լեհական նախագահության առաջնահերթություններին և հեռանկարներին»,– ասաց Միրզոյանը։
Նրանք խոսել են նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները։
Միրզոյանը շեշտեց` այժմ ԵԱՀԿ ուշադրության մեծ մասը սևեռված է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների ուղղությամբ, սակայն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում։
«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։ Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ։ Այս իրավիճակը շարունակվում է մինչ օրս»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նաև ներկայացրեց ռազմական գործողությունների հրահրմանը նախորդած ադրբեջանական քայլերը, երբ հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակվում էին հրազենային կրակահերթեր, ինչպես նաև խափանվել էր կենսական նշանակություն ունեցող միակ գազատարի աշխատանքը։
Միրզոյանն ընդգծեց` այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը` հրատապ` հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար։
«Մենք գոհունակությամբ փաստում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել ԼՂ–ում իրադրության վերջին սրմանը` փաստելով, որ այն ադրբեջանական զորքերի շարժի հետևանք է»,– ասաց Միրզոյանը և ևս մեկ անգամ նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից մոտ 1.5 տարի հետ հետո Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունը` պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին։
Նշենք, որ ԵԱՀԿ նախագահի այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: Հայաստան գալուց առաջ նա մարտի 30-ին եղել է նաև Ադրբեջանում և Վրաստանում։