Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
Արտակարգ իրավիճակների նախարարին 2 ամսով կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ դատարան բողոք կներկայացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ դատարան բողոք կներկայացվի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:
«Արդեն ստացել ենք առաջին ատյանի դատարանի որոշումը և այն պետք է բողոքարկենք»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք` մարտի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Իսկ ամսի 31-ին նա կալանավորվեց։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով ԱԻՆ–ի շուրջ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել, և ավելի քան 5 մարդ էլ կալանավորվել են:
Ըստ լրատվամիջոցների` ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասնում է նախարար Անդրանիկ Փիլոյանին: Գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարարի անունը:
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փիլոյանին 14 օրով արձակուրդ է ուղարկել։
Մինչ այդ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԻՆ–ում։