ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Պետդեպը իր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքը։ Այս հայտարարությունը հնչել է Պետպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի ճեպազրույցում։
Ամերիկացի պաշտոնյան այդ հորդորը մեկնաբանել է իրենց ունեցած այն տեղեկություններով, թե ՌԴ անվտանգության ուժերն Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքում հայտնաբերում ու ձերբակալում են ամերիկացիներին:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները, որոնք գերեվարվել էին Ուկրաինայում, տեղափոխվել Դոնբաս, ապա ՌԴ, ազատ են արձակվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։