ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդների այցը ՀՀ ՊՆ ավիաբազա, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նախկին նախարարի համոզմամբ` այս իրադարձությունը վկայում է, որ գործող իշխանությունը լիարժեք չի տիրապետում իրադրությանը, միջազգային հարթակներում միջազգային հարաբերությունները պատշաճ մակարդակի չեն ու նաև` վարչապետի խոսքն արժանահավատություն չունի։
«Ես կարծում եմ, որ, եթե երկրի ղեկավարը խոսում է ինչ-որ բանի մասին, ասում, որ իրականությունը դա է, դա պետք է արժանահավատ լինի։ Երկրի վարչապետի խոսքը պետք է լինի մեկ անգամ ու վերջնական»,– ասաց Օհանյանը` հավելելով, որ եթե այցը կազմակերպել են Հայաստանի իշխանություններն ու զինված ուժերի ղեկավարությունը, նշանակում է, որ նրանց համար ՀՀ վարչապետի արած հայտարարություններն արժանահավատ չեն։
«Ի՞նչ է` ամեն անգամ, ամեն մի խոսք ասելիս պետք է տանեն ցույց տան, թե տեղում ինչ կա»,– ասաց Օհանյանը` միաժամանակ արձանագրելով, որ վերջին տարիներին իրարամերժ հայտարարություններն այնքան շատ են` թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի, թե՛ ԶՈւ–ի մասին, որ ամեն նման արտահայտությունից հետո վարչապետի քաղաքական թիմը փորձում է մեկնաբանել, վերաձևակերպել վարչապետի խոսքը։
Ինչ վերաբերում է երկրի սպառազինությունը օտար երկրների ներկայացուցիչներին ի ցույց դնելուն, պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց, որ գոյություն ունեն սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներ։ Բայց դրանք նախապես պլանավորված միջոցառումներ են, իրականացվում են պլանավորված ժամանակացույցով։
Հիշեցնենք` մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել էին ՀՀ ՊՆ ավիաբազա։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նրանք շրջայց են կատարել, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Նշվում է, որ հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները։
«Ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկվա կառավարության նիստում «աղաղակող ապատեղեկատվություն» էր անվանել ադրբեջանական մամուլում ու Արևմուտքում ակտիվորեն տարածվող այն լուրը, թե Հայաստանն իր 4 ՍՈւ–30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին` Ուկրաինայում օգտագործելու համար։