Զորքերի հետքաշման մի քանի բանաձևեր ենք առաջարկել, բայց Ադրբեջանը չի արձագանքում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման մի քանի բանաձև է առաջարկել, սակայն Ադրբեջանը կա՛մ չի ընդունում, կա՛մ չի արձագանքում այդ առաջարկներին։ Կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքերով հայտարարություն ընդունվեց, որտեղ ասվում է` պետք է երկկողմ` հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծվի սահմանազատման համար։ Վարչապետը վստահեցնում է, որ Ադրբեջանը նման միջոցառումներին ուղղված որևէ առաջարկ չի արել, իսկ Հայաստանը հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ–ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման առաջարկով։
«Ադրբեջանը մինչ օրս այդ առաջարկին պաշտոնական առաջարկ չի տվել։ Երրորդ երկրներից ստացված տեղեկատվության համաձայն` մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ` Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա, ըստ Փաշինյանի, անընդունելի մոտեցում է:
Փաշինյանը հավելեց նաև, որ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել: Փաշինյանն ասաց, որ այդպիսի մի քանի տարբերակներ են առաջարկել, այդ թվում և Ադրբեջանին, և ՀՀ–ի համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։