Ոչ թե մթերքի, այլ տուփի խնդիր կա. ի՞նչ ելքեր են փնտրում հայաստանյան կաթ արտադրողները

Խանութ. կաթնամթերք. Արխիվային լուսանկար
Կաթ արտադրող հայկական ընկերությունները ստվարաթղթե փաթեթները ներմուծում էին ՌԴ-ից և Ուկրաինայից։ Սակայն ՌԴ-ում այդ ընկերությունը փակվել է, իսկ Ուկրաինայից ներմուծում կազմակերպել հնարավոր չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. Վերջին օրերին երևանյան փոքրիկ խանութներում կաթի դեֆիցիտ կա։ Խանութների աշխատակիցները հայտնում են` հատկապես 1 լիտրանոց տուփերով կաթ չունեն։
«Ամենաշատը հենց 1 լիտրանոց կաթերն են վաճառվում, քանի որ հարմար չափս է։ Սակայն մատակարարները պատվերներ չէին ընդունում` հորդորելով սպասել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասեց Էրեբունու խանութների մեկի մենեջերը։
«Մարիաննա» ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը հայտնեց` շուկայում ոչ թե կաթի, այլ տուփերի խնդիր կա։
«Պաստերիզացված մեկ լիտրանոց, եվրոպական արտադրության փաթեթները ներկրվում էին Ռուսաստանից։ Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստան ներկրվող խմբաքանակը տեղ չէր հասնում` մեր պատվերն էլ «Վերին Լարսի» անցակետում էր մնացել, որտեղ մեքենաների կուտակումներ էին»,–ասաց Կարապետյանը։
Բայց այս պահին խնդիրը լուծվել է` Լարսը բացվել է, և բեռը տեղ է հասել` խանութներ մատակարարումներ արվել են։ Սրանով, սակայն, խնդիրը չի լուծվել` Ռուսաստանից ներմուծվող ստվարաթղթե տուփերը եվրոպական ընկերության արտադրանք են, իսկ այդ ընկերությունը պատժամիջոցների հետևանքով փակել է իր մասնաճյուղը ՌԴ-ում։
«Մարիաննա» ընկերությունը, օրինակ, տուփերի 2 ամսվա պաշար ունի. Քրիստինա Կարապետյանը ասում է` հիմա այլ ուղիներ են փնտրում, որպեսզի նոր մատակարարներ գտնեն։ Նրա խոսքով` պետք է փորձեն անմիջապես Եվրոպայից ներմուծում սկսել։ Տուփեր արտադրող նույն ընկերության մի մասնաճյուղ էլ Ուկրաինայում կա, այնտեղից էլ լարված իրավիճակի պատճառով հնարավոր չէ ներմուծում կազմակերպել ։ Հավելում է` այս պահին կաթի հումքի, հզորությունների խնդիր չկա։ Ի դեպ, իրենց կաթի հումքը տեղական է։
«Արզնի կաթ» ընկերության ներկայացուցիչն էլ իր հերթին հայտնեց` նույն խնդիրը նաև իրենք ունեին, բայց տուփերն արդեն տեղ են հասել։ Իսկ թե ինչ է անելու ընկերությունը, երբ առկա տուփերը վերջանան` դեռ չեն որոշել։
«Ոլորտում հիմա ընդհանուր վիճակը լարված է, սակայն պետք է փորձենք կարգավորել շուկան։ Դեռ չգիտենք` ինչպես պետք է խնդիրը լուծվի»,–ասաց նա։
Խնդիր չունենք և չենք էլ ունենա. Խաչատրյանը` առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի մասին
Հայաստանի պանրագործների միության ղեկավար Արմեն Գիգոյանն էլ իր հերթին նկատեց` ռուս-ուկրաինական իրավիճակի սրման հետևանքներն արդեն հայաստանյան շուկայի վրա թողել են իրենց ազդեցությունը։
«Կաթի տուփեր ներկրվում էին ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ուկրաինայից, իսկ հիմա երկու տեղից էլ զրկվել ենք։ Սա ևս մեկ վառ օրինակ է, թե ինչքան մեծ կախվածություն ունենք արտաքին մատակարարումներից, և ինչքան կարևոր է պարենային անվտանգության հարցը»,–ասաց Գիգոյանը։
Նա նշեց նաև, որ եթե այլընտրանքային տարբերակ չգտնեն, կանցնեն պլաստմասե շշալցման, ինչն ամենաբարձր հասանելիություն ունեցող ու ամենահեշտ տարբերակն է, առավել ևս ՀՀ–ում պոլիմերային տարաների արտադրություն կա։ Այս դեպքում, սակայն, պլաստիկե թափոններն են ավելանալու։ Եթե կաթ արտադրողներն անցնեն ապակե տարաներ օգտագործելուն, ապա սա էլ լոգիստիկ խնդիրների կհանգեցնի, արտադրական հավելյալ ծախսեր կարվեն, և այս ամենի հետևանքով գնաճ կլինի։
«Մենք կարող ենք Հայաստանում տուփերի արտադրություն կազմակերպել, եթե, իհարկե, ցանկություն լինի։ Եվ ես սա ասում եմ իրավիճակին ռեալ նայելով։ Պարենային անվտանգությունն առաջնային կարևորություն ունեցող արժեք է, և չգիտեմ ինչու` մեզ մոտ լուրջ չեն զբաղվում այս հարցով»,–ասաց Գիգոյանը։
Նա հավելեց, որ եթե ցանկություն լինի, ապա շատ ապրանքների արտադրություն կարող ենք ունենալ, որպեսզի ինքնաբավ լինենք շատ առումով։
Հիշեցնենք, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել էր կաթի շուկան և արձանագրել` հում կաթի շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։