Վերջին 1 տարում ԱԻՆ–ում որոշ գործընթացների մասին է. Փաշինյանը` Փիլոյանի ձերբակալման մասին

Անդրանիկ Փիլոյանը` կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԻ նախարարի ձերբակալման փաստը հաճելի չէ, սակայն օրենքի առաջ բոլորն են հավասար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալման դեպքին` հիշեցնելով, որ ԱԻՆ–ում խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ, որոնց թվում է նախարարը։
Նրա խոսքով` շատ ցավալի փաստ է Փիլոյանի ձերբակալումը։
«Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը պահենք»,–ասաց Փաշինյանը։
Ամեն դեպքում, ըստ վարչապետի, միայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո է հնարավոր կլինի եզրահանգումներ անել։ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց` ստեղծված իրավիճակը հաճելի չէ , սակայն օրենքի առաջ բոլորն են հավասար։
«Համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ, բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ, եթե ապացուցվի նրանց մեղավորությունը։ Շատ հարցեր են հնչում, թե ինչի հետ է կապված քրգործը, ասեմ, որ այն վերջին 1 տարում ԱԻՆ–ում որոշ գործընթացների մասին է»,–ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Իսկ այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ԱԻ նախարարին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով ԱԻՆ–ի շուրջ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել, և ավելի քան 5 մարդ էլ կալանավորվել են:
Ըստ լրատվամիջոցի` ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան, ըստ լուրերի, հասնում է նախարար Անդրանիկ Փիլոյանին: Գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարարի անունը:
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փիլոյանին 14 օրով արձակուրդ է ուղարկել։
Մինչ այդ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԻՆ–ում։