ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը փաստացի ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեծ պատերազմը, ռազմական ագրեսիան և խաղաղության համաձայնագիրը միշտ փոխզիջումներ են ենթադրում, քանի որ երկու կողմերն էլ կորուստներ են կրում։ Եվ եթե կարծում եք, որ մենք կորուստներ չենք կրում, ապա շատ եք սխալվում։ Նրանք գրեթե ոչնչացրել են մեր ռազմական արդյունաբերությունը»,– ասել է Արեստովիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։