ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք մասնակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ու բացատրել ենք դրա պատճառները», - ասել է նա:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել։
Էրդողանը նաև նշել է, որ նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարել այս շաբաթ, մտադիր է բարձրացնել նրանց հանդիպման կազմակերպման թեման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր քայլ է համարել Կիևյի ու Չեռնիգովի ուղղություններով ռազմական ակտիվությունը կրճատելու մասին Ռուսաստանի որոշումը:
«Կիևում ու Չեռնիգովում ռազմական գործողությունների զգալի կրճատման մասին Ռուսաստանի որոշումն իսկապես կարևոր քայլ է։ Ինչպես նաև պետությունների ղեկավարների հայտարարություններն այն մասին, որ նրանք կարող են միասին հավաքվել, երբ համաձայնեցվի համաձայնագիրը։ Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր է այդ քայլը։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կյանքի կկոչվեն», - ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները կայացել են մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։