Թուրքիան առաջարկել է եռակողմ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի` հավանական է, որ ՀՀ արտգործնախարարը մեկնի Անկարա կամ հակառակը՝ Չավուշօղլուն գա Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները մի քանի անգամ են հանդիպել, բայց մշտապես հեռախոսակապի մեջ են։ Թուրքիան առաջարկել է Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում ունենալ։ Անթալիայում չի հաջողվել դա կազմակերպել, սակայն Ադրբեջանը դեմ չէ։ Այս մասին թուրքական A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Հարցին` հնարավո՞ր է, որ ՀՀ արտգործնախարարը գա Անկարա կամ դուք գնաք Երևան, Չավուշօղլուն պատասխանեց՝ այո, դրանք բոլորը կարող են լինել, հնարավոր բաներ են։ Կարևորն այս ընթացքում Ադրբեջանի հետ մեր կապն է ու նրա դիրքորոշումը։
Ըստ թուրք պաշտոնյայի՝ սա դեռ սկիզբն է, փոխադարձ քայլեր են պետք հարաբերությունների կարգավորման համար։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը եղավ փետրվարի 24-ին Վիեննայում։