ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը թույլատրել Է Ռուսաստանից ցորենի, մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի սերմեր արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարության ևս մեկ որոշմամբ` մեր երկրից հացահատիկային մշակաբույսերի արտահանման` նախկինում ընդունված ժամանակավոր արգելքից (մարտի 15 – ից հունիսի 30-ը) դուրս են բերվել ցորենի, մեսլինի, տարեկանի, գարու, ինչպես նաև սովորական եգիպտացորենի սերմերը։ Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության առկայության դեպքում», - ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանից թույլատրվում է «պայթող» եգիպտացորենի արտահանումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ կառավարությունը ժամանակավորապես արգելել էր հացահատիկի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մինչև հունիսի 30-ը, ինչպես նաև մինչև օգոստոսի 31-ը սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի արտահանումը երրորդ երկրներ: