ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները չեն իրագործվում, սպասում ենք արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին թուրքական A haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ըստ Չավուշօղլուի` երկկողմ բանակցություններում չի քննարկվում, օրինակ, այն կետը, որը վերաբերում էր ռուսերեն լեզվին, կամ Ուկրաինայի ապառազմականացումն անհամեմատ ավելի քիչ է քննարկվում: Գրեթե չի քննարկվում նաև Ղրիմի և Դոնբասի հարցը, որը Չավուշօղլուի խոսքով, երկրի նախագահների մակարդակով պետք է լուծվի:
Նա նշեց, որ ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման հստակ ամսաթիվ չկա, բայց 1-2 շաբաթվա ընթացքում է սպասվում: Բացի այդ, ըստ թուրք պաշտոնյայի, սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա.
«Սպասում ենք Պուտինին, ամսաթիվ պետք է ասեն»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններըկայացել են մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։