ՌԴ կառավարությունը կքննարկի հայկական վարորդական իրավունքի ճանաչումը

Վարորդական իրավունք
Օրինագիծն ուղղված է ՌԴ տարածքում տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը կքննարկի ավտոմեքենայի կառավարման հետ կապված աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելու հարցը, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, նիստում պլանավորվում է քննարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքի» 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
«Օրինագիծն ուղղված է ՌԴ տարածքում տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ներկայումս այս հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցներ ղեկավարելու արգելքը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականների հիման վրա ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որն անմիջականորեն կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ։