ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի ռազմական և միջազգային գերատեսչություններում չգիտեն` ինչ է կատարվում Կրեմլում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից ստացվող հաղորդագրություններն այն մասին, թե իբր ռուսական պետության ղեկավարին ոչ ամեն ինչ են զեկուցում։
«Ցավում ենք (և, ըստ էության, դա երևի նաև մտահոգում է մեզ), բայց ստացվում է, որ ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ Պենտագոնը իրական տեղեկատվություն չունեն այն մասին, թե ինչ է կատարվում Կրեմլում։ Նրանք չեն հասկանում նախագահ Պուտինին, չեն հասկանում որոշումների ընդունման մեխանիզմը, և նրանք չեն հասկանում մեր աշխատաոճը», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդ չհասկանալը հանգեցնում է սխալ և անխոհեմ որոշումների, որոնք շատ վատ հետևանքներ ունեն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ՌԴ նախագահի խորհրդականներից ոչ ոք նրան չի ասում ճշմարտությունը։ Իսկ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկն էլ նշել էր, թե Պուտինն իբր համարում է, որ զինվորականներն իրեն մոլորության մեջ են գցել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։