ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը 2 ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Իսկ այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ԱԻ նախարարին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով ԱԻՆ–ի շուրջ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել, և ավելի քան 5 մարդ էլ կալանավորվել են:
Ըստ լրատվամիջոցի` ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան, ըստ լուրերի, հասնում է նախարար Անդրանիկ Փիլոյանին: Գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարարի անունը:
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փիլոյանին 14 օրով արձակուրդ է ուղարկել։
Մինչ այդ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԻՆ–ում։