Մենք չունենք հոռետեսական կանխատեսումներ. Փաշինյանը թույլ չտվեց խոսել բացասական սպասումից

Ի հեճուկս հոռետեսական բոլոր կանխատեսումների` հարկերի հավաքագրման այս տարվա առաջին եռամսյակի պլանը նույնիսկ գերակատարվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Անկախ արտաքին տնտեսական ազդակներից` ՀՀ կառավարութունը բյուջեով նախատեսված 350 մլրդ դրամի կապիտալ ծախսերը չի կրճատելու։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Եթե եկամուտների նվազումներ լինեն, մենք ներգրավելու ենք լրացուցիչ վարկային միջոցներ, և դա որևէ կերպ չի ազդելու մեր ծախսային պարտավորությունների կատարման վրա։ Այսինքն` ծախսերը կատարելու ենք ամբողջ ծավալով»,–ասաց Խաչատրյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ի հեճուկս հոռետեսական բոլոր կանխատեսումների` հարկերի հավաքագրման առաջին եռամսյակի պլանը նույնիսկ գերակատարվել է։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հաստատեց այս տեղեկությունները` ասելով.
«Մենք մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը։ Իսկ ինչ վերաբերում է հոռետեսական սպասումներին, ինձ թվում է դա ավելի շատ մյուս եռամսյակներին է վերաբերում...»,– ասաց ՊԵԿ նախագահը։
Բայց վարչապետը ՊԵԿ նախագահին թույլ չտվեց ավարտել միտքը։
«Մենք մյուս եռամսյակների նկատմամբ էլ չունենք հոռետեսական, էդ ուրիշներն ունեն։ Ես շատ լավատեսական եմ տրամադրված»,– ասաց նա։