ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը և ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլև որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետը նաև ՌԴ նախագահին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին ուղղված, բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի մասին:
Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները և ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր են առաջացնում և ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար:
Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:
Այսօր նաև Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հեռախոսազրույց էր կայացել, որի մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։