«Կբռնե՞ն, թող բռնեն». Boeing–ի փորձով հայ ինժեներները պարզ և թեթև ԱԹՍ–ներ են ստեղծել

AirWorker–ի 2 ԱԹՍ–ները` հետախուզական և հարվածային, կներկայացվեն ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին։ Ընկերության հիմնադիրների հետևում աշխատանքն է հայ–ռուսական ինժեներական ընկերությունում, միջազգային ավիաարդյունաբերության համար իրականացված պատվերները։
Sputnik
Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Ո՞րն է ավելի լավ. ունենալ հինգ ուժեղ և թանկ անօդաչո՞ւ, թե՞ երկու հարյուր ոչ թանկ, թեկուզ և մի քիչ պարզունակ ԱԹՍ։ Երկրորդ տարբերակը նույնպես կարող է իր առավելություններն ունենալ։ Այս կարծիքին է հայ ավիացիոն ինժեներ Արամ Հարությունյանը։ Ռուսական «Պրոգրեստեխ» ինժեներական ընկերության հայկական բյուրոյում 10 տարի աշխատելուց հետո նա որոշել է ուժերը փորձել սեփական նախագծերում։
Հայկական AirWorker ընկերության ստեղծած անօդաչու թռչող սարքը
Փորձը քիչ չէ. առաջին իսկ տարիներից հայ ինժեներներին նախագծեր էին առաջարկում «Сухой»-ի, Airbus–ի և Boeing–ի համար, ընդ որում` ոչ թե ծրագրային ապահովում, այլ ամենաիսկական մեխանիկա. ստատիկ և և դինամիկ դիմացկունության հաշվարկներ, կառուցվածքի հոգնածության և կենսունակության հաշվարկներ (ավիաշինարարության մեջ այս տերմինը նշանակում է, թե որքան ժամանակ կարող է թռչել ինքնաթիռը այս կամ այն վնասվածքի կամ կոռոզիայի դեպքում)։
Առաջին հերթին, Արամի խոսքով, նրա բախտը բերել է ուսուցիչների ու խորհրդատուների հարցում։
«Օրինակ` պայմանագրով մեզ մոտ մի կոնստրուկտոր էր աշխատում Տուպոլևի կոնստրուկտորական բյուրոյից, որը ժամանակին Ту-160–ի համար (աշխարհի խոշորագուն գերձայնային ռմբակոծիչն է,–խմբ.) կարևորագույն հանգույցներ էր նախագծել և ուղևորների դռներ` Boeing 787–ի համար։ Մոտ մեկ տարի մեզ հետ մի մասնագետ էր աշխատում Ուկրաինայից` Անտոնովի բյուրոյից, որը դիմացկունության հարցերով գլխավոր ինժեներ էր եղել Ан-124 «Ռուսլան» ինքնաթիռի համար։ Ահա այսպիսի դպրոց ենք անցել և իմ գործընկերները, նախքան կորոշեինք բացել մեր նախագիծը»,–ասում է Արամը։
Ներկայում ընկերությունում աշխատող ինժեներներից մեկը հասցրել է աշխատել Airbus–ի մոսկովյան օֆիսում։ Մետաղի հետ կապված բազմաթիվ աշխատանքներ իր ձեռքով է անում խառատահաստոցի վրա (առանց դրա ինժեները ինժեներ չէ)։
Հայկական AirWorker ընկերության ստեղծած անօդաչու թռչող սարքը

Մինչև օրս պարզագույն ենթակառուցվածք չկա

Հայաստանում, իհարկե, խոշոր ինքնաթիռներ չեն կառուցում. այստեղ խնդիրները բոլորովին այլ են։ Ուստի, ստեղծելով իր AirWorker ընկերությունը, Արամն ու նրա ընկերները գնացել են առավելագույնս ցածր գնի և դյուրին օգտագործման ճանապարհով։ Երկու այդպիսի անօդաչու սարքերի մոդելները նա կներկայացնի ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին, որը մեկնարկում է մարտի 31-ին Երևանում։ Սարքերից մեկը հետախուզական է, մյուսը` հարվածային (ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվի դրա մանրակերտն ու ներկայացնող տեսանյութը)։
«Ծալված վիճակում սարքը ոչ մեծ չափի կոնտեյների մեջ է գտնվում։ Հենց դրա միջից էլ օդ է բարձրանում և օդում բացում թևերը։ Կարող է բավականին լավ ծավալի օգտակար բեռ տանել»,–ավելացրեց Հարությունյանը։
Երկու անօդաչուներից առաջինը գործարկվում է ձեռքի նետումով (ինչպես ամերիկյան Raven RQ 11–ը), իսկ դրա կայունացուցիչն ու թևը ֆյուզելյաժին ամրացվում են անմիջապես մեկնարկից առաջ։ Վայրէջք կատարում է օդապարիկով։
Հայկական AirWorker ընկերության ստեղծած անօդաչու թռչող սարքը
«Վերջին մոդիֆիկացիան կարող է օդում մնալ մոտ մեկուկես ժամ։ Վերջերս մենք որոշեցինք այն փորձարկել ավելի քան 10մ/վ քամու և ձյան պայմաններում և կարողացանք բարձրացնել մինչև 3000 մետր և բարեհաջող վայրէջքի բերել»,–նշեց Հարությունյանը։
Այս ԱԹՍ–ն կարելի է օգտագործել նաև քաղաքացիական աէրոլուսանկարչության ոլորտում (օրինակ` ԱԻՆ–ի կամ գյուղատնտեսության կարիքների համար)։ Այն կարող է կրել մինչև 350 գրամ քաշով տեսախցիկ։ Առավելագույն բարձրությամբ և թռիչքի տևողությամբ արդեն իսկ գերազանցում է Bayraktar mini–ի առաջին մոդելներին (բայց այն արդեն կատարելագործված տարբերակ ունի)։ Արամը հիշեցնում է, սակայն, որ մարդ պետք է իրատես լինի, իսկ ինժեները` առավել ևս։
«Աբու Դաբիում անօդաչու տեխնոլոգիաների վերջին` UMEX ցուցահանդեսի ժամանակ Թուրքիան ներկայացրեց իր ԱԹՍ–ները, այդ թվում` Bayraktar TB2–ը։ Բավական է միայն նայել դրանց, հասկանալու համար, որ դա սպառազինության այլ մակարդակ է։ Ուստի պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, աշխատել է պետք»,–ավելացնում է նա։
Ընդ որում, ավելացնում է նա, իրենց ստեղծած մոդելը բավականին էժան է և թեթև, ուստի կարող է օգտագործվել նաև զանգվածային գործողությունների ժամանակ։
«Այդ պատճառով էլ, երբ ինձ հարցնում են` իսկ եթե ռադարները բռնե՞ն, պատասխանում եմ` թող բռնեն։ Այն շատ ավելի էժան է, քան ԱԹՍ-ն կամ արկը, որոնք կարող են խփել նրան»,-ավելացրեց Արամը։
Հայկական այս և մյուս ինժեներական թիմերի ձեռքբերումները է՛լ ավելի տպավորիչ են, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մինչ օրս ավիապրոմի համար պրոֆեսիոնալ ինժեներական լաբորատորիա չկա։ Անգամ պրոֆեսիոնալ աերոդինամիկ խողովակ չկա։ Մնում է հուսալ, որ այն կստեղծվի մոտակա ժամանակներում։ Իհարկե, ասում են, որ հիմա շատ փորձարկումներ կարելի է փոխարինել վիրտուալ մոդելավորմամբ։ Բայց․․․
«Մեզ հետ աշխատող ավանի կոնստրուկտորներից մեկը կես կատակ – կես լուրջ ասում էր` երբ մենք ուզում էինք խաբել պատվիրատուին, ցույց էինք տալիս հաշվարկները, իսկ երբ ուզում էինք ինքներս իմանալ արդյունքը՝ փորձարկումներ էին անում»,-ժպիտով հիշում է Արամը։
Հայկական AirWorker ընկերության ստեղծած անօդաչու թռչող սարքը

Եվ կրկին ուսուցիչների մասին

Արամի առաջին ուսուցիչը նրա պապն է եղել։ Ալբերտ Հարությունյանը ծնունդով Արագած գյուղից էր (Ապարանի մոտակայքում), Երկրորդ համաշխարհայինից հետո ընդունվել է Ժուկովսկու անվան Ռազմաինժեներական ակադեմիա։ Ավելի ուշ, գնդապետի կոչումով, եղել է Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի ավիացիոն սպառազինության գլխավոր ինժեներ։
«Պապս թղթե ինքնաթիռների վրա մեզ ցույց էր տալիս, որ դրանք տարբեր ձևերով են թռչում, եթե հետնաթևերը կամ ուղղության ու բարձրության ղեկերը տարբեր կերպ են ծալում։ Մեր ինքնաթիռիկների վրա այդ ամենը կար»,-ժպտում է Արամը։
Հիմա նա ինքն էլ աշակերտներ ունի։ Սկսել են Պոլիտեխնիկական համալսարանի ANEL դպրոցական ինժեներական լաբորատորիաներից, իսկ 2020թ․-ի պատերազմի ընթացքում արդեն համալսարանում սովորող աշակերտները գալիս էին ընկերության արհեստանոց՝ աշխատանքներին օգնելու։ Այժմ նրանք կոլեկտիվի անբաժանելի մասն են։

Սոֆթը իր տեղում, «սոպրոմատը»՝ իր

Ծրագրավորողները կոդ են գրում (ինչը, իհարկե, շատ կարևոր է) բայց անօդաչուներ չեն սարքում։ Դրա համար ինժեներներ ու կոնստրուկտորներ են պետք։ Միայն թե այդ մասնագիտությունը քչերն են ընտրում։ Ինչի՞ համար չորս տարի նյութերի դիմադրություն (сопромат) սովորել, եթե կարելի է մեկ տարում ծրագրավորման լեզուն սովորել և սկսել գումար վաստակել։
«Իհարկե, շատ կարևոր է երեխաներին հետաքրքրել ոչ միայն ՏՏ-ով, այլև ինժեներիայով։ Բայց մենք նաև մյուս ծայրից ենք գալիս. որքան ավելի մրցունակ լինեն մեր մոդելները, որքան շատ լինեն եկամուտները, այնքան ավելի գրավիչ կլինի մեր մասնագիտությունը»,-ավելացրեց նա։
Նրա խոսքով՝ մրցակցային առավելություններն ավելի շատ են, քան թվում է։ Առաջին հերթին տեղական մշակողը սեփական մոդելների սպասարկումն ավելի հեշտ ու էժան կկազմակերպի, քան արտասահմանյան մշակողը (հատկապես տեղափոխման համար ներկայիս հետքովիդային գների պայմաններում)։ Բացի այդ, հարկավոր է գործընկերների հետ համատեղ աշխատել․ ինժեներական ձեռնարկություններն ավելանում են, յուրաքանչյուրն ինչ-որ կոնկրետ հարցում է ուժեղ, ուստի համատեղ լուծումները հիմա ավելի ուժեղ կլինեն, քան 10 կամ նույնիսկ 5 տարի առաջ։
Հենց այսօր, այս պահին փորձարկվում են. Խաչատուրյանը` հայկական ԱԹՍ–ների մասին
Դրա ապացույցը անօդաչու թռչող սարքերի կառավարման համակարգերի փորձարկումների դրական և խոստումնալից արդյունքներն են, որոնք համատեղ իրականացվում են ոլորտի այլ ընկերությունների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ Improvis Aerospace and Defense-ի հետ, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի համակարգերով։ ArmHighTech-ի ցուցահանդեսին դրանք ներկայացված կլինեն ընդհանուր տաղավարում։