ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ ադրբեջանական մամուլում ու Արևմուտքում ակտիվորեն տարածվող այն ապատեղեկատվությանը, թե Հայաստանն իր 4 ՍՈւ–30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին` Ուկրաինայում օգտագործելու համար։
«Սա աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր ՍՈւ–երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր տարածքի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ իրականում այդ ապատեղեկատվությունը Արևմուտք է նետվել Ադրբեջանի ձեռքով։
Նույն կերպ, ըստ նրա, տարածվում է այն կեղծիքը, թե ՀՀ տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Արևմտյան Ուկրաինա։
«Հայաստանը, որ երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներհրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը»,– հայտարարեց վարչապետը` այդ տեղեկատվությունը որակելով որպես «կատարելապես անհեթեթ» տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։