Հայ ինժեներները անօդաչու բազմաթիրախային փոքր զրահափոխադրիչ են ներկայացրել

Հայկական Davaro ընկերությունը անօդաչու բազմաթիրախային փոքր զրահափոխադրիչ է ներկայացրել։
Զրահապատ անվային հարթակի վրա հնարավոր է սպառազինության տարբեր տեսակներ տեղադրել՝ մեծ տրամաչափի գնդացիրներ, հակատանկային կառավարվող հրթիռներ, «վակուումային ռումբեր» և այլն։ Սարքը կարող է փոխգործակցել անօդաչուների և այլ տեխնիկայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայկական Davaro ընկերությունը անօդաչու բազմաթիրախային փոքր զրահափոխադրիչ է ներկայացրել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության ղեկավար Դավիթ Գալոյանը` նոր մեքենան կարող է լրացնել հետախուզական և հարվածային անօդաչուները, որոնք ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ արտադրում է։
Ընկերության ղեկավար Դավիթ Գալոյանը
Անօդաչու սարքը հավաքվել է անվային զրահապատ հարթակի վրա։ Հարթակին հնարավոր է տարատեսակ սպառազինություն տեղադրել։ Երևանում անցնող ArmHightech ցուցահանդեսի համար հարթակի վրա խոշոր տրամաչափի (12,7 մմ) գնդացիր էր տեղադրվել, սակայն կարելի է նաև հակատանկային հրթիռներ, ինչպես նաև բեկորաֆուգասային կամ թերմոբարիկ զինամթերք (որոնք հաճախ վակուումային ռումբ են անվանում) տեղադրել։ Զինամթերքը, ինչպես և զրահափոխադրիչի համար նախատեսված տեսախցիկները, հավաքել են ընկերության մասնագետները։
Davaro ընկերության ԱԹՍ-ները
«Մարտական մեքենան առավել արդյունավետ է դառնում այլ տեխնիկայի հետ կիրառելու դեպքում։ Օրինակ, այն կարող է կոորդինատներ ընդունել հետախուզական ԱԹՍ–ներից կամ համատեղ գործել հարվածային զենքի հետ։ Առաջադրանքից կախված, հարթակի վրա հնարավոր է տարբեր տեսակի սպառազինություն տեղադրել», – նշեց Գալոյանը։
Ավելի վաղ ընկերությունը իրենց գործառույթներով տարբերվող հետախուզական և հարվածային ԱԹՍ–ների մի քանի մոդել էր հավաքել։ Այդ մոդելները ևս ներկայացված են ցուցահանդեսում։