ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում հաղթեց իսլանդացի Կյարտանսոնին։ 5 հնարավորից վաստակելով 4.5 միավոր՝ Սարգսյանը գլխավորում է աղյուսակը Գերմանիայի, Գրաստանի, Թուրքիայի ու Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 9 շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովսեփյանը։
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:
Մրցաշարը մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: