ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական խնդրանքներով՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուս զինվորականներն ապրիլի 1-ից հերթական անգամ բացում են Մարիուպոլից Զապորոժիե հումանիտար միջանցքը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը ։
«Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի դաշնային կանցլերի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինին ուղղված անձնական խնդրանքներով 2022 թվականի ապրիլի 1-ի ժամը 10: 00-ից Ռուսաստանի Զինված ուժերը կրկին հումանիտար միջանցք են բացում Մարիուպոլից Զապորոժիե (Բերդյանսկում միջանկյալ կանգառով)», - ասել է նա:
Նրա խոսքով՝ մարդասիրական գործողության հաջողության համար առաջարկվում է այն անցկացնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։