Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունը Մարությանի գնալու հետ կապ չունի. ՊՎԾ ղեկավար

ՊԾՎ ղեկավարը վստահեցնում է, որ Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունների մեկնարկը պարզապես համընկել է Հայկ Մարությանի հեռանալու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՊՎԾ–ի` նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ստուգումները Հայկ Մարությանի` քաղաքապետի պաշտոնը լքելու հետ կապ չունեին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նշենք, որ Մարությանը 2021-ի դեկտեմբերի 22-ին լքեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
«Բոլոր ուսումնասիրություններին որոշակի շրջափուլ է նախորդում, իսկ քաղաքապետարանում ուսումնասիրություն սկսելու շրջափուլում Հայկ Մարությանի հեռանալու մասին անգամ լուրեր չկային։ Պարզապես ուսումնասիրությունների մեկնարկը համընկավ Մարությանի հեռանալու հետ»,–ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` 3 ամիս էր նախատեսված ուսումնասիրությունների համար, սակայն ծավալից ելնելով` ընթացքը ևս 2 ամսով երկարաձգել են։ Այսպիսով` Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունները կընթանան մինչև մայիսի 31-ը, որից հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի։
Երևանցիները գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը Մարությանի օրոք. GALLUP–ի հարցումը
Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։