Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ստամբուլյան բանակցությունները

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցնում են պատվո պահակախմբի կողքով (3 փետրվարի, 2022թ). Կիև. Արխիվային լուսանկար
Էրդողանը կրկնել է իր առաջարկը՝ անցկացնել հանդիպում Պուտինի և Զելենսկու միջև Թուրքիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները:
«Զրույցի ընթացքում Էրդողանը ասել է, որ Ստամբուլում ուկրաինական և ռուսական բանակցային պատվիրակությունների հանդիպումը նշանակալի ազդակ է հաղորդել պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման համար իրականացվող գործընթացին», - նշված է հաղորդագրության մեջ:
Էրդողանը հայտարարել է, որ լարվածության թուլացման համար կարևոր է համարում Ստամբուլում բանակցություններից հետո որոշ ազդակներ փոխանցելը։ Նա կրկին առաջարկել է Թուրքիայում անցկացնել հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։
Հիշեցնենք, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները կայացել են մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։