Արցախում չպետք է հայկական զորքեր լինեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունենում Դոլմաբախչե պալատում ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ (29 մարտի, 2022թ)․ Ստամբուլ. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը գործում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Պետք է ապահովել Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եռակողմ հայտարարության համաձայն։ NTV Turk-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է ապահովել «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:
Հիշեցնենք, որ այսօրվա կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղից պաշտպանության բանակի դուրս բերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրս բերում և, ըստ էության, այս պահանջն է Ադրբեջանը ձևակերպում։