Արցախյան 44-օրյա պատերազմի 38 մասնակիցներ կպրոթեզավորվեն պետության հաշվին

Պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թվականի հունվարի 31-ն իրականացվել են բարերարների աջակցությամբ։ Այս պահին ֆոնդը սպառված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. 2022թ–ի Արցախյան 44-օրյա պատերազմի 38 մասնակիցներ կպրոթեզավորվեն պետության հաշվին։ Որոշումն ընդունվել է այսօր, ՀՀ կառավարության հերթական նիստում։
Որոշման հիմնավորման համաձայն` 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել էր պրոթեզավորման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու սարքավորումները։
Պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։
Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ 13 530 000 դրամ։
Կառավարության այսօրվա որոշմամբ` անհրաժեշտ ամբողջ գումարը կտրամադրվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից։