ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Жить здорово!» հաղորդման ճակատագիրը մեծ հարցականի տակ է։ Տեղեկությունը հայտնում է «Բազա» Telegram–յան ալիքը։
«Մարտի 29-ին Ելենա Մալիշևան հավաքել է իր աշխատակիցներին և հայտնել, որ հաղորդումը փակվում է։ Ասել է, որ «Жить здорово!»–ն մոտավորապես մինչև սեպտեմբեր չի թողարկվի, հետո էլ, ամենայն հավանականությամբ, եթեր չի վերադառնա», - ասված է հաղորդագրության մեջ:
Ալիքը գրում է նաև, որ աշխատակիցները զրկվել են փողից, քանի որ աշխատել են ժամանակավոր պայմանագրերով, ինչը ընդունված պրակտիկա է հեռուստատեսությունում։
Նշվում է, որ նախագծի փակման պատճառը հեռարձակման ցանցում կատարված փոփոխություններն են:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Առաջին ալիքի ղեկավարությունը դադարեցրել է ժամանցային ծրագրերի թողարկումը, և այժմ Եթեր են դուրս գալիս հիմնականում տեղեկատվական հաղորդումներ:
Եթերից անհետացել են նաև «Պոզներ» և «Երեկոյան Ուրգանտ» հաղորդումները։